Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Պարզվում է` նրանք կան

Պարզվում է` նրանք կան
17.01.2017 | 01:47

Հայաստանյան քաղաքական-գաղափարական (բա՜րձր է հնչում) ծիրը յանուսյան պատկեր ունի: Եթե շատ կարճ, ապա մեր իրական Յանուսը յուր հիմնական հայացքով անվերջ մայր Ռուսաստանին է նայել: Դեպ Արևմուտք ուղղված մեր հայացքը, եթե անկեղծ, խիստ աղճատված է եղել, «սրսուռ» արևմտյան ուժեր չլինելու պատճառով: Կարելի էր կարծել, որ այդ «հայացքի» ջահակիրը ժամանակին պետք է լիներ ԱՄՆ-ում «իրավաբանված» Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց նախագահական նախորդ ընտրություններին երկրորդ տեղը գրաված Րաֆֆին մեկ էլ յուր տիկնոջն ու որդուն` Կարինին, վերցրեց ու գնաց Մոսկվա, «Փութինից փաթասխան բերելու», Արա Աբրահամյանենց տանը մնալու, Կրեմլով հիանալու, հետ` տուն գալու, ևս մեկ անգամ Սերժ Ազատիչին հարցնելու «տիկին Ռիտայի առողջության» մասին:
Սա է մեր արևմտյան մարկեսյան պատմությունը:


Բայց այս ընտրություններին, կարելի է ասել, քարտեզը փոխվում է. քով քովի են գալիս ուժեր, որոնք առավել գրագետ են գործում: Այո, նկատի ունենք արդեն իսկ ձևավորված «Ելք» դաշինքը` Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան լիդերներով, որոնք հնարավորինս ճիշտ հաշվարկով, շատ արագ կարողացան լցնել բաց մնացած «սուրբ տեղը»` փորձելով իրենց շուրջը բրգացնել մնացյալներին: Ճիշտ է, ակտիվում կան նաև «Ազատ դեմոկրատները»` Բագրատյան-Քոքոբելյան-Ստեփան Սաֆարյան եռյակով, սակայն կարծել, որ այս երկու համախմբման միջև կընթանա կառուցողական միասնականություն, այնքան էլ ճիշտ չէ:


Բայց դեռ` «Ելքի» մասին. դաշինքը հաջողության հասնելու բավականին լուրջ շանսեր ունի.
ա) Եթե հաշվի առնենք, որ նրա բաղադրիչներից «Լուսավոր Հայաստանը» թեև լոկալ, այնուհանդերձ, բավականին տպավորիչ հաղթանակ տարավ վանաձորյան ընտրություններում:
բ) Ապա և` դաշինքը խարիզմատիկ լիդերներ ունի, որոնք ունեն իրենց հաստատուն էլեկտորատը:
գ) Դաշինքն այս պահին բանակցում է այլ ուժերի հետ ևս, և եթե հաջողի «Գալան» և «Ժառանգության» խարիզմատիկ բեկորները ևս իր «դուռը» բերել, չի բացառվում (չնայած ֆինանսական ոչ հսկայական միջոցներին. չմոռանանք` ռեյտինգային ընտրակարգով ինչ գիգանտներ են պայքարի մեջ մտնելու) լուրջ ներկայացվածություն ունենա խորհրդարանում:
դ) Ինչը, ի դեպ, խորհրդարանական կառավարման անցնող Հայաստանի պառլամենտում, որպես արևմտյան-լիբերալ ուժերի առկայություն, ուղղակի «քաղաքակրթական» նշանակության կարող է լինել:
ե) Ի վերջո, չմոռանանք նաև, որ Արևմուտքը ևս շահագրգիռ է, որ իր արժեհամակարգը արտահայտված լինի հայաստանյան պառլամենտում: Չէ, չենք ասում, որ պարոն Միլզի քունը չի տանում այս դաշինքի համար, այնուհանդերձ, վերջինս հաստատապես ընդգծված համակրանքով կվերաբերվի օլիգարխա-ռեյտինգային, ռուսա-մեծապետական պայքարի հորձանուտ նետված, Հայաստանի համար քաղաքակիրթ այլընտրանք ապահովելուն միտված այս ուժին, ինչը ցանկացած քաղաքական միավորի համար պակաս կարևոր չէ:
զ) Եվ վերջապես, իշխանությունները, իրենց մեծապետական-ռեյտինգային ախորժակի բարձունքից պետք է շատ դողացնեն ու, ինչու ոչ, գուրգուրեն այս կարգի գաղափարական ուժերին, որովհետև, բացի նրանից, որ վերջիններս այլընտրանք են ապահովում, նաև կոշտ-արմատական, զենքով հարցերի լուծման պատրաստ ընդդիմության բերանն են փակում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ